ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հնարավոր է համարել Կուբայի դեմ սահմանափակումները հանելը, եթե նա «ճիշտ քայլեր» կատարի եւ հրաժարվի Վենեսուելայի հետ համագործակցությունից, այլապես Հավանային պատժամիջոցների խստացում է սպասվում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ դաժան էմբարգո կմտցնենք եւ պատժամիջոցներ Կուբայի դեմ՝ կախված այն բանից, թե ինչ տեղի կունենա։ Ճիշտ քայլեր անելով՝ Կուբան մեծ օգուտ կքաղեր, մենք կկարողանայինք հանել սահմանափակումները, էմբարգոն, բայց մենք ի վերջո դա չենք անի, եթե նրանք չհեռանան Վենեսուելայից»,- ասել է նախագահը Fox Business հեռուստաալիքի եթերում։

Նա նորից քննադատել է վենեսուելական իշխանություններին, որոնք հրաժարվել են ընդունել ԱՄՆ մարդասիրական օգնությունը։ Նախագահը նաեւ ընդգծել է, որ շատ ուշադիր հետեւում է Բոլիվարի Հանրապետության իրավիճակին։

Թրամփը չորեքշաբթի Կուբայի իշխանություններին սպառնացել է «ամենաբարձր մակարդակի» պատժամիջոցներով, ինչպես նաեւ համակողմանի էմբարգոյով, եթե Հավանան չդադարեցնի, ըստ Վաշինգտոնի, Վենեսուելայում սահամանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները։

Կարակասում եւ Վենեսուելայի մյուս քաղաքներում ներկա պահին տեղի են ունենում հակակառավարական ցույցեր, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ զինվորականների մի խումբ հարել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին։ Ինչպես տեղեկացրել է Չակաո մունիցիպալիտետի առողջապահության վարչության ղեկավար Մահիա Սանթին, Վենեսուելայի մայրաքաղաքում բախումների ժամանակ տուժել է մոտ 50 մարդ։