ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի լուրեր է անվանել ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի ասածը, թե Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ցանկացել է հեռանալ երկրից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Թրամփին Fox Business-ի հեռուստաեթերում խնդրել են մեկնաբանել տեղեկատվությունը, թե Մադուրոն իբր պատրաստ է եղել լքել հանրապետությունն ինքնաթիռով, բայց Մոսկվան համոզել է հրաժարվել այդ մտքից։ «Եթե այդպես է, ապա դա անընդունելի է։ Մենք լսում ենք բազմաթիվ տարբեր լուրեր։ Լուրեր կային, թե նա պատրաստվում էր անել դա, լուրեր կային, թե նա երկիրը կլքեր այլ ճանապարհով։ Ես լսում եմ լուրեր Ռուսաստանի մասին, լսում եմ բազմաթիվ լուրեր Կուբայի մասին»,- պատասխանել է նախագահը։
Ավելի վաղ CNN հեռուստաընկերության հարցազրույցում Պոմպեոն կարծիք էր հայտնել, որի համաձայն՝ Ռուսաստանի իշխանություննեն իբր համոզել են Մադուրոյին երեքշբաթի ինքնաթիռով չհեռանալ երկրից։ Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ ղեկավարությունը տեղեկություն ուներ, որ Վենեսուելայի նախագահը պատրաստվում էր փախչել Կուբա։ Ի պատասխան այս հայտարարության՝ Մադուրոն պետքարտուղարին մեղադրել է անլրջության մեջ։
Չորեքշաբթի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է CNN-ին, որ Պոմպեոյի պնդումները, որ ռուսաստանյան իշխանությունները համոզել են Մադուրոյին չլքել երկիրը երեքշաբթի, իրականությանը չեն համապատասխանում։
Կարակասում եւ Վենեսուելայի մյուս քաղաքներում ներկա պահին տեղի են ունենում հակակառավարական ցույցեր, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ զինվորականների մի խումբ հարել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին։ Դրանից մի քանի ժամ առաջ նա Թվիթերում հրապարակել էր տեսադիմում, որում կոչ էր արել զինվորականներին դուրս գալ փողոց, որպեսզի «վերջ տրվի իշխանության բռնազավթմանը»։ Ինչպես հետո տեղեկացրել է հանրապետության պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը, իշխանությունները մասամբ ճնշել են զինվորականների ոչ մեծ խմբի կողմից աջակցվող ընդդիմության՝ իրավիճակը երկրում ապակայունացնելու փորձը։



























