ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ոչ ճիշտ է համարել Վենեսուելայի իրավիճակում Ռուսաստանի դերի մասի ԱՄՆ-ի ներկայացուցիչների ասածները՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե թվարկենք այն ամենը, ինչ ասում են ամերիկյան վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչները Վենեսուելայի մասին, ապա կարելի է անվերջ հարցեր տալ, եւ բոլոր այդ հարցերին, որպես կանոն, պատասխանը կլինի, եթե ասենք դիվանագիտորեն, «ոչ ճիշտ»,- ասել է Լավրովը։
Մոսկվան եւ Վաշինգտոնը պայմանավորվել են շարունակել շփումները, այդ թվում Վենեսուելայի հարցով, թեեւ դիրքորոշումներն անհամատեղելի են՝ նշել է նա։ «Ես այնպես եմ հասկանում, թե Մայք Պոմպեոն զանգել էր, որ հետո ասի, թե ինքը ինձ զանգել եւ կոչ է արել չմիջամտել»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքերով, Ռուսաստանը կմոբիլիզացնի ՄԱԿ կանոնադրությունը հարգողների ջանքերը՝ Վենեսուելայում ԱՄՆ-ի ծրագրերին դիմակայելու համար։
Լավրովը հայտարարել է, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ինքը կոչ է արել չվերադառնալ Մոնրոյի դոկտրինային, դա անհարգալից է Վենեսուելայի եւ ընդհանրապես Լատինական Ամերիկայի ժողովուրդների հանդեպ՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։



























