Ավագանու համաֆղանական խորհուրդը՝ «Լոյա ջիրգան», անհապաղ հրադադարի կոչ է արել, տեղեկացնում է AFP-ը։

«Լոյա ջիրգայի» հանդիպմանը մոտ 3200 կրոնական եւ ցեղային առաջնորդներ, քաղաքական գործիչներ եւ ներկայացուցիչներ են եկել, որոնք փորձում են ելք գտնել Աֆղանստանում հյուծիչ հակամարտությունից։

«Աֆղանստանի Իսլամական Հանրապետության կառավարությունը եւ «Թալիբան» շարժումը պետք է հայտարարեն եւ իրականացնեն անհապաղ եւ մշտական հրադադար»,- ասել են պատվիրակները։ Նրանց խոսքով՝ հրադադարը պետք է սկսվի Ռամադան սրբազան ամսվա սկզբին, որն սկսվում է առաջիկա օրերին։

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին ասել է, որ «պատրաստ է կատարել հրադադարի արդար եւ օրինական պահանջը», բայց ընդգծել է, որ «դա չի կարող լինել միակողմանի»։ «Եթե թալիբները լրիվ պատրաստ են հրադադարին, մենք կարող ենք խոսել տեխնիկական մանրամասների մասին»,- ասել է Գանին։ Նախագահը նաեւ խոստացել է ազատ արձակել 175 բանտարկյալների՝ ի նշան բարի կամքի դրսեւորման։

Ներկայում թալիբները բանակցություններ են վարում Կատարում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի հետ։ Մինչեւ հիմա նրանք հրաժարվում են բանակցել Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների հետ, որոնց համարում են ամերիկյան խամաճիկներ։

Անցած տարի թալիբները հայտարարել էին եռօրյա հրադադարի մասին Ռամադանի վերջում այն բանից հետո, երբ Գանին ավելի վաղ հայտարարել էր ութ օրով միակողմանի հաշտեցման մասին։

Սա առաջին  պաշտոնական համազգային հրադադարն է 2001-ին ԱՄՆ ներխուժումից հետո, եւ սա հաշտեցման աննախադեպ ուրախություն է ամբողջ երկրում։

Լոյա Ջիրգան (մեծ խորհուրդ) ավագանիների (ներկայացուցիչների) համաֆղանական խորհուրդ է, որն ընտրվում է էթնոցեղային խմբերից՝ լուծելու համար ճգնաժամային հարցեր։ Վերջին Լոյա ջիրգան (նախագահ՝ Սեբգաթուլա Մոջդադիդի) գումարվել է 2002-2004-ին՝ աֆղանական նոր սահմանադրության հաստատման համար։