Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, ընդունելով, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բարդ են ընթացել իշխող Պահպանողական կուսակցության համար, դեռեւս մտադիր չէ փոխել Brexit-ի ռազմավարությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մեր առաջարկած լավ եւ երկրի բոլոր շրջաններին ի նպաստ գործող համաձայնագրի առկայությամբ ԵՄ-ի կազմից դուրս գալը լավագույն տարբերակն է»,-ասել է Մեյը՝ ելույթ ունենալով Ուելսի Պահպանողական կուսակցության հետ հանդիպման ժամանակ: Նշենք, որ սկզբում Մեյի ելույթն ընդհատել էին՝ կոչ անելով վարչապետին հրաժարական տալ:
«Ես կպայքարեմ այդ նպատակին հասնելու համար (դուրս գալ ԵՄ-ից համաձայնագրի առկայության դեպքում)»,-խոստացել է Մեյը՝ հավելելով, որ իր վերաբերմունքն առանց համաձայնագրի դուրս գալու եւ Brexit-ի հարցով նոր հանրաքվե անցկացնելու մասին մնում է բացասական:
Վարչապետը խոստովանել է, որ տեղական ընտրություններն անհաջող էին Պահպանողական կուսակցության համար: Չնայած ներկայումս հաշվել են քվեաթերթիկների միայն կեսը՝ արդեն պարզ է, որ ե′ւ պահպանողականները, ե′ւ լեյբորիստները կրել են զգալի կորուստներ, իսկ բրիտանացիները, որոնք հոգնել են անդադար քաղաքական վեճերից, պատրաստ են իրենց ձայները տալ փոքր կուսակցությունների ներկայացուցիչներին:
«Այժմ մեր կուսակցության համար բարդ ժամանակաշրջան է, եւ այս ընտրությունները դրա նախանշաններն էին: Սակայն ես կարծում եմ, որ այս ընտրությունները ծառայել են մեզ եւ Լեյբորիստական կուսակցության համար որպես պարզ ուղերձ. պարզապես ապահովեք Brexit-ը»,-ասել է Մեյը:
Այդ խոստովանությունն այնպես, ինչպես փակուղու իրավիճակում հայտնված Brexit-ը, չեն խանգարել վարչապետին իր ելույթի ընթացքում մի քանի անգամ անվանել Պահպանողական կուսակցությունը «գործ անող մարդկանց կուսակցություն», «ազգային անվտանգությունն ապահովող կուսակցություն» եւ «պետության շահերը քաղաքական շահերից բարձր դասող կուսակցություն»:
Համաձայն ԵՄ-ի հետ վերջին պայմանավորվածության՝ Մեծ Բրիտանիան պետք է դուրս գա ԵՄ կազմից ոչ ուշ, քան հոկտեմբերի 31-ը:



























