Բրունեյի սուլթան Հասանալ Բոքիահը խոստացել է մահապատիժ չկիրառել, որը որպես պատիժ նախատեսվում է շարիաթի օրենքների խախտման դեպքում, որոնք երկրում ուժի մեջ են մտել ապրիլի 3-ից, հայտնում է Reuters-ը:
«Մեր երկրում 20 տարուց ավելի դե ֆակտո մահապատժի մորատորիում կար քրեական իրավունքի շրջանակում: Նման պրակտիկան կտարածվի նաեւ շարիաթի օրենքների վրա, որոնք նույնիսկ ավելի շատ հնարավորություններ են ընձեռում [հանցագործներին] ներելու համար»,- հայտարարել է սուլթանը: Նա հույս է հայտնել որ «[շարիաթի օրենքի] արժանիքները ակնհայտ կլինեն դրանց կիրառման հարցերի պարզաբանումից հետո»:
Բրունեյում ուժի մեջ մտնող շարիաթի օրենքները խիստ պատիժներ են նախատեսում՝ ընդհուպ մինչեւ մահապատիժ գողության, իսլամը վիրավորելու, ամուսնական դավաճանության, նույնասեռական կապերի եւ այլնի համար: Մահապատիժը կարող է իրականացվել քարակոծմամբ: Ենթադրվում է, որ օրենքները կտարածվեն միայն մուսուլմանների վրա, որոնք կազմում են երկրի բնակչության երկու երրորդը:
Այս իրավաբանական նորմերը հարուցել են միջազգային հանրության բողոքը: Բրունեյի սուլթանի խիստ քննադատությամբ են հանդես եկել ամերիկացի դերասան Ջորջ Քլունին եւ բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը: ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթը սուլթանատին կոչ է արել հրաժարվել շարիաթի օրենքները մտցնելուց՝ այդ օրենսգիրքն անվանելով «հրեշավոր»:




























