Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կազմել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվեի անցկացման «սցենարը»՝ այն դեպքում եթե խորհրդարանը դրա պահանջն առաջ քաշի՝ հայտնում է Daily Telegraph-ը։

Մեյը հույս ունի գտնել մի միջոց, որով կստիպի խորհրդարանին առանց լրացուցիչ քվեարկության հավանության արժանացնել դուրս գալու ծրագիրը, սակայն դուրս գալու փոխզիջումային ռազմավարության շուրջ բանակցություններն ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության հետ դեռեւս չեն ավարտվել։

Ինչպես գրում է թերթը, Մեյը պաշտոնյաների եւ նախարարների հետ քննարկել է կրկնակի քվեարկությունը, որի ժամանակ ընտրողներին կառաջարկվի ընտրություն կատարել Եվրոպական միությունից համաձայնագրով դուրս գալու, առանց համաձայնագրի դուրս գալու եւ դուրս չգալու միջեւ։

Թերթը մեջբերում է կառավարությունում անանուն աղբյուրներին, որոնք հաստատում են, որ հանրաքվեն անհարժեշտ կլինի միայն այն դեպքում, եթե լեյբորիստների հետ բանակցությունները տապալվեն, իսկ խորհրդարանի մեծամասնությունը քվեարկի Brexit-ի կրկնակի քննարկման օգտին։