Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ ԱՄՆ-ին պետք են իր երկրի բնական հարստությունները, գազն ու նավթը։
«Այն, ինչ (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփը փնտրում է Վենեսուելայում, վենեսուելական նավթն է, Վենեսուելայի հարստությունները՝ ոսկի, գազ, ալմաստներ, նյութական այլ հարստություններ»,- ասել է Մադուրոն RT հեռուստաալիքին։
Վենեսուելայի նախագահի խոսքով՝ նրան չի հուզում, թե ինչպես նա կմտնի պատմության մեջ։ Նա նշել է, որ որպես դավաճան պատմության մեջ չի մտնի։
«Ես աղոթում եմ, որ իմ երկիրը չենթարկվի ամերիկացիների ռազմական միջամտությանը։ Վենեսուելայում պատերազմ, ռազմական ինտերվենցիա չի լինի, բայց դա չի նշանակում, թե մենք չենք պատրաստվում պաշտպանել մեր հողը... Ես օգտվում եմ հաղորդակցության բոլոր միջոցներից, որպեսզի ամբողջ աշխարհին խնդրեմ դատապարտել, կանգնեցնել Դոնալդ Թրամփի խելագարությունը։ Վենեսուելան երբեք չի հանձնվի»,- ավելացրել է Մադուրոն։
Ընդդիմությունը Վենեսուելայում ապրիլի 30-ին փորձել է հեղաշրջում իրականացնել։ Խորհրդարանի նախագահ Խուան Գուայդոն, որն իրեն ապօրինաբար նախագահ է հռչակել, եւ նրա կողմնակիցները հավաքվել են Կարակասում «Կառլոտա» ռազմակայանի առջեւ։ Ավելի վաղ Գուայդոն ժողովրդին եւ բանակին կոչ էր արել դուրս գալ փողոցներ՝ ավարտելու համար օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյին տապալելու «Ազատություն» գործողությունը։ Պետության ղեկավարը եւ պաշտպանության նախարարը հայտարարել են լեգիտիմ իշխանություններին զինված ուժերի հավատարմության մասին։ Իշխանությունները հայտարարել են պետական հեղաշրջման փորձի տապալման մասին, Մադուրոն կարգադրել է սկսել ապրիլի 30-ի իրադարձությունների հետաքննություն։
Վենեսուելայում հունվարի 21-ին սկսվել են զանգվածային անկարգություններ ընդդեմ նախագահ Մադուրոյի՝ նրա երդմնակալությունից հետո։ Արեւմուտքի մի շարք երկրներ՝ ԱՄՆ գլխավորությամբ, հայտարարել են, որ Գուայդոյին ճանաչում են ժամանակավոր նախագահ։ Մադուրոն իր հերթին խորհրդարանի նախագահին անվանել է ԱՄՆ խամաճիկ։ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ աջակցել են Մադուրոյին որպես լեգիտիմ նախագահի։ Մոսկվայում Գուայդոյի «նախագահական կարգավիճակն» անվանել են գոյություն չունեցող։




























