Աֆղանստանի արեւմուտքում Ֆարահ նահանգում գրոհայինների դիրքերի վրա ԱՄՆ գլխավորած կոալիցիայի եւ Աֆղանստանի զինված ուժերի համատեղ ավիահարվածների հետեւանքով չեզոքացվել է նվազագույնը 150 թալիբ եւ ոչնչացվել է թմրանյութերի արտադրությամբ զբաղվող 68 լաբորատորիա, հայտնում է Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտոնատար անձանց:
Կոալիցիայի զինված ուժերը եւ Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերը համատեղ կետային ավիահարվածներ են իրականացրել Ֆարահ նահանգում Բաքվայում: Թմրանյութերի արտադրության 68 լաբորատորիաները, որոնք ամեն օր «Թալիբանի» ահաբեկիչներին 1 մլն դոլարի եկամուտ էին բերում, ոչնչացված են: 150 թալիբներ սպանված են եւ 40-ը՝ վիրավորված»,- ասել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Երկրի ՆԳ նախարարությունը տարածած հայտարարությամբ հաստատել է ավիահարվածների անցկացումը, ինչպես նաեւ 150 զինյալների եւ 68 թմրալաբորատորիաների ոչնչացումը:
Գործակալությունը, սակայն, չի նշում ավիահարվածների իրականացման օրը:
2001 թվականից ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները Աֆղանստանում գործողություն են անցկացնում թալիբների եւ այլ խմբավորումների դեմ: Ռազմական այս արշավը դարձել է ԱՄՆ զինված ուժերի պատմության մեջ ամենաերկարատեւը: 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հարավային Ասիայում գործողությունների նոր ռազմավարություն էր ներկայացրել, որը նախատեսում է առավել ակտիվ մասնակցություն Աֆղանստանում եւ տարածաշրջանի երկրներում հակամարտությունների կարգավորմանը:





























