Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որը գտնվում է բանտում, ճնշված է, սակայն ոչ կոտրված։ Նա հասարակական աջակցության կարիք ունի՝ հայտնել է Wikileaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երեքշաբթի Հրաֆնսոնը եւ ամերիկյան դերասանուհի Պամելա Անդերսոնը «Բելմարշ» բանտում այցելել են Ասանժին։
«Ասանժը ճնշված է, բայց ոչ կոտրված։ Նա շատ ուժեղ մարդ է։ Նա կպայքարի։ Նա գիտի, որ մեղավոր չէ, որ ոչ մի վատ բան չի արել։ Ահա թե ինչու է նա հույսը դնում հասարակության աջակցության վրա»,- Ասանժին այցից հետո լրագրողներին ասել է Հրաֆնսոնը։
«Ես ցնցված էի՝ տեսնելով խստացված ռեժիմի բանտում նստած ընկերոջս՝ ինտելեկտուալին, հրատարակչին, լրագրողին, մարդուն, որն իր աշխատանքով փոխել է լրագրողական աշխարհը․․․ Սա արդարադատություն չէ»,- հավելել է Wikileaks-ի գլխավոր խմբագիրը։
Անդերսոնը խոստովանել է, որ իր համար ծանր է եղել Ասանժին այդ վիճակում տեսնելը․ «Դա ծանր է եւ ցնցող։ Նա չպետք է ուժեղացված ռեժիմի գաղութում գտնվի, նա բռնարարքներ չի կատարել, նա անմեղ է։ Նա նույնիսկ երեխաների հետ չի կարող խոսել»,- լրագրողներին ասել է դերասանուհին։
Ասանժը 2010 թվականին Շվեդիայում մեղադրվել է սեռական հետապնդումների եւ բռնաբարության մեջ։ Նա 2012թ․ հունիսից թաքնվում էր Էկվադորի դեսպանությունում՝ սկանդինավյան այդ երկիր արտահանձնվելու մտավախությամբ։ 2019թ․ ապրիլի 11-ի առավոտյան Ասանժը ձերբակալվել է 2012 թվականին դատարան չներկայանալու համար տրված օրդերով, ինչպես նաեւ Շվեդիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունների պահանջով։




























