Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը համարում է, որ նախագահ Դոնալդ Թրամփին կարելի է վստահել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրային հարցերում: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջեւ առեւտրային հարցերը անհրաժեշտ է լուծել առաջիկայում ներդրողների վստահությունը վերականգնելու համար, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ տրանսատլանտյան առեւտրային հարաբերություններում ոչինչ չի փոխվել 2018 թվականի հուլիսին Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպումից հետո: «Սպիտակ տան աշխատակիցները եւ իմ թիմը գրեթե ամեն օր շփվում ենք վարչակազմի հետ, ուստի ես համարում եմ, որ մենք կարող ենք վստահել ԱՄՆ-ի նախագահին, երբ խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ առեւտրային հարաբերություններին»,-ասել է նա:
Յունկերը հավելել է, որ համընդհանուր տնտեսական խնդիրները հիմնականում կապված են Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրային լարվածության հետ. «Եթե ներդրողները չեն կարծում, որ այդ խնդիրը կարող է լուծվել առաջիկայում, ապա Ատլանտիկայի երկու կողմերում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում ներդրումների շուրջ ախորժակը կթուլանա»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Թրամփը հայտարարել էր, որ այս շաբաթ բարձրացնելու է 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների հարկերն ու առաջիկայում սահմանելու է նոր սակագներ՝ ուժեղացնելով ճնշումը Չինաստանի նկատմամբ՝ այդկերպ փորձելով առեւտրային համաձայնագիր կնքել: Նրա խոսքով՝ ուրբաթ 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների հարկերը կբարձրանան 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս՝ չնայած փետրվարին Ամերիկայի առաջնորդը որոշում էր կայացրել պահպանել 10 տոկոս դրույքը առեւտրային բանակցւոթյունների առաջընթացի ֆոնին: Թրամփը նաեւ նշել է, որ «առաջիկայում» պատրաստվում է սահմանել 25 տոկոս հարկ 325 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար: Արդյունքում սակագները կարող են վերաբերել Չինաստանից ԱՄՆ ներմուծվող գրեթե բոլոր ապրանքներին:





























