Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժողովը քիչ առաջ բացասական եզրակացություն տվեց հաստիքացուցակների նախագծին: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 6-ին, Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետի նախագիծը հաստիքացուցակի փոփոխության վերաբերյալ, չէր կայացել։
Ըստ Դավիթ Խաժակյանի՝ «Իմ քայլի» անդամները բոյկոտել էին նիստը, սակայն «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն էյրամջյանը NEWS.am-ի հետ զրույցում նիստին խմբակցության անդամների բացակայությունը բացատրել էր տեխնիկական պատճառով։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ զուգահեռ նիստ է ընթացել, եւ ավագանու անդամները պարզապես չեն հասցրել մասնակցել ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին:
Հիշեցնենք նաեւ, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում՝ մայիսի 8-ին, նախատեսվում է ընդունել 1700 աշխատակիցների հաստիքացուցակի փոփոխության մասին որոշումը, ըստ որի՝ քաղաքապետարանի ղեկավար կազմի աշխատավարձերը գրեթե կկրկնապատկվեն, մյուսներինը՝ կբարձրանա շուրջ 30 տոկոսով:





























