Շրի Լանկայի նախագահը պնդում է, որ երկիրն անվտանգ է զբոսաշրջիկների համար։ Նախագահ Մայթրիպալա Սիրիսենան Associated Press-ի հարցազրույցում ասել է, որ Զատկվա կիրակիի ահաբեկչություններում կասկածվողների 99 տոկոսը ձերբակալված է։
«Երկիրն այժմ անվտանգ է»,- ասել է նա։ «Մեր հետախուզական ստորաբաժանումները պարզել են ահաբեկիչներին, եւ նրանց 99 տոկոսը ձերբակալված է։ Գուցե մնացել է մեկ կամ երկու մարդ, եւ նրանք նույնպես կձերբակալվեն»,- ասել է նա։
Նախագահը նաեւ ասել է, որ բոլոր պայթուցիկ նյութերը, զենքը, կասկածյալների տներն ու ուսումնական կենտրոնները հայտնաբերվել են այն բանից 16 օր հետո, երբ պայթյունները ցնցեցին կղզին։
Հիշեցնենք, որ ահաբեկչությունների շարքի հետեւանքով Շրի Լանկայի եկեղեցիներում եւ հյուրանոցներում ապրիլի 21-ին զոհվեց 250 մարդ։




























