Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը ամերիկա-հունական ինստիտուտի նախագահ Նիկ Լարիգակիսի հետ հանդիպման ժամանակ դատապարտել է Կիպրոսի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումը՝ հայտնում է Greek City Times-ը։
Խոսելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում Թուրքիայի գործողությունների մասին՝ Պավլոպուլոսը այն անվանել է «միջազգային իրավունքի, մասնավորապես ծովային իրավունքի ուղիղ եւ աղաղակող խախտում, ինչպես սահմանված է 1982թ․ Մոնտեգո-Բեյի բանձեւում»։
Նա նշել է, որ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատում սկսելու Թուրքիայի որոշումը Ծովային իրավունքի ՄԱԿ բանաձեւի խախտում է, եւ ընդգծել է, որ Անկարան կապված է այդ բանաձեւի հետ՝ անկախ նրանից ստորագրել է այն, թե ոչ, քանի որ մեծ թվով պետությունների կողմից ստորագրվելը «ստեղծում է միջազգային իրավունքի համընդհանուր նորմեր, որոնք պարտադիր են բոլորի համար»։
Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները արդեն կոչ են արել Թուրքիային հրաժարվել այնպիսի գործողություններից, որոնք նպաստում են տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը։
ԱՄՆ Պետդեպը կոչ է արել Թուրքիային հրաժարվել Կիպրոսում հորատումից՝ Անկարային մեղադրելով Միջերկրածովյան տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու վտանգ ստեղծելու մեջ։




























