Ֆրանսիայի կառավարությունը հաստատել է Սաուդյան Արաբիա զենքի նոր խմբաքանակ ուղարկելու լուրը։ Պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին BFM TV-ին տված հարցազրույցում ասել է, թե զենքը կբեռնվի Սաուդյան Արաբիայի բեռնատար նավի վրա, որը պետք է ժամանի ֆրանսիական Գավր նավահանգիստ։
Նա հրաժարվել է անվանել զենքի տեսակները, սակայն հաստատել է Ֆրանսիայի այն դիրքորոշումը, որի համաձայն Սաուդյան Արաբիան այդ զենքը օգտագործում է միայն պաշտպանական նպատակներով։
«Որքան հայտնի է ֆրանսիական կառավարությանը, մենք ապացույցներ չունենք, որ Եմենում զոհերը ֆրանսիական զենքի օգտագործման հետեւանք են»,- ասել է Պարլին։
Ֆրանսիան զենքի քանակով երրորդ արտահանողն է Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, որոնք նրա հիմնական հաճախորդներն են։





























