Այս տարի մայիսի 9-ին Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ կլինի շահագործման, հայտարարել են ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչությունում:

Վարչությունում հայտնել են, որ «շենքի հարդարման աշխատանքներն արդեն ավարտվել են, շարունակվում է տեխնիկական վերազինումը, որի ավարտից հետո կսկսվի վերջին փուլը` տարածքի ասֆալտապատումը»:

«Օրերս Ղարաբաղ է տեղափոխվել ինքնաթիռների թռիչքն ու վայրէջքն  ապահովող անհրաժեշտ սարքավորումների մի մասը: Տասն օրից կտեղափոխվի նաեւ մնացած մասը, որից հետո կսկսվեն մոնտաժային աշխատանքները: Մոտ ժամանակում նախատեսվում է շահագործել ինքնաթիռների թռիչնքերի եւ վայրէջքների կարգավորման կենտրոնը»,-նշել են վարչությունում:

Բացի այդ, Ստեփանակերտի օդանավակայանին կից կգործի ավիաուսումնական կենտրոն` որակյալ եւ մասնագիտացված անձնակազմի պատրաստման համար: Գործընթացը շարունակական է լինելու:

Ստեփանակերտի օդանավակայանը կկարողանա սպասարկել ժամում 100 ուղեւորի: Սկզբնական փուլում օդանավակայանից կիրականցվի միայն Ստեփանակերտ- Երեւան- Ստեփանակերտ չվերթը, սակայն հեռանկարում լինելու են նաեւ այլ ուղղություններով թռիչքները: Կախված պահանջարկից` կփոխվի թռիչքների հաճախականությունը:

Ուղեւորափոխադրումները կիրականացնի «Էյր Արցախ» ավիաընկերությունը` 50 տեղանոց երեք SRJ-200 ինքնաթիռներով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 15-16 մլն դոլար է: