Կառավարության այսօրվա՝ մայիսի 10-ի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով կարգավորվում է զինծառայողների բնակարանային ապաhովության իրավունքի իրացման շրջանակներում երկարամյա զինվորական ծառայության կամ տարիքի կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակած նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցությանհատկացման ընթացակարգը եւ չափերը:
Նախարարն ասաց, որ այս տարվա դեկտեմբերին հատկացվել է 5,7 մլրդ դրամ գումար. «Ֆինանսական աջակցությունը հատկացվելու է հետեւյալ չափերով. Երեւանի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը 50 տոկոսը, համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը, ՀՀ գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաեւ Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Տավուշի մարզի Այրումի եւ Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90%-ը», - ասաց Տոնոյանը՝ հավելելով, որ ֆինանսական աջակցությունը հատկացվելու է հետեւյալ առաջնահերթությամբ, նախ սահմանամերձ բնակավայրեր ունեցող մարզեր, հետո այլ մարզեր, նոր միայն Երեւան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե մարզերում ի՞նչ սկզբունքով են բնակարան տալիս, զինծառայողները կարողանալո՞ւ են այդ գումարով բնականարն գնել մարզերում:
«Միանշանակ կարող են գնել, որովհետեւ այն գները, որ կան շուկայում, հնարավորություն են տալիս դա անելու, այլ տարբերակ չկա», - ասաց Դավիթ Տոնոյանը:
Վարչապետն ասաց, որ Կադաստրի կոմիտեից տեղեկանք էր ուզել ու համոզվել է, որ մարզերում 100 տոկոսով հնարավոր կլինի զինծառայողների բնակարանային կարիքները բավարարել:
«Ես ուզում եմ մեկնաբանություն անել այս թեմայի շուրջ ծագած որոշակի բողոքների վերաբերյալ, որովհետեւ մեր երկրում երբեմն հետաքրքիր տրամաբանություն է գործում: Ենթադրենք, մի հարց տասնյակ տարիներով մեռյալ կետում է, ոչ մեկ դրա մասին ոչ հիշում է, ոչ մտածում է ու բայց երբ կամք է գալիս ու խնդիրը լուծվում է, բողոքներ են ի հայտ գալիս: Այսինքն ոչ ինձ, ոչ քեզ տարբերակն է», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ սա իր համար անհասկանալի տրամաբանություն է:
«Մենք ասում ենք՝ մարզերի ժողովրդի հարցը մենք լուծում ենք, Երեւանում էլ առաջարկում ենք տարբերակ: Եթե տարբերակը ձեռնտու է, խնդրեմ, օգտվեք այդ տարբերակից, եթե չէ, ոնց է, որ տասը տարի սպասել եք, հիմա մի ամիս չեք կարող սպասել: Այսինքն ասում են՝ մի լուծեք այդ հարցը, թող ոչ մեկի հարցը չլուծվի», - ասաց վարչապետն ու հավելեց. «Սա էլ խնդրի մյուս կողմն է. մարդկանց ընդունում ես, խնդիրները լսում ես, մեկ-երկու ամսվա ընթացքում միջոցներ ես ձեռնարկում Անվտանգության խորհրդի մակարդակով, որ խնդիրը լուծվի, մարդիկ ասում են՝ ինչի՞ եք տենց լուծում»:
Նա նշեց, թե, օրինակ, մարդ կա, ասում է չի ուզում Երեւանում ապրել, ուզում է Արթիկում ապրել. «Ասում է տվեք իմ գումարը, ես գնամ ապրեմ, ինչի մենք էդ մարդուն պիտի ասենք չէ: Կարող է լինեն մարդիկ, ովքեր ասեն՝ ես ուզում եմ Հյուսիսային պողատայում տուն ունենամ, էդ էլ պետք է հասկանանք` ինչ պահանջ է դա, ինչով է հիմնավորվում, ինչու, օրինակ, Հյուսիսային պողոտայում, ոչ թե, ասենք, Ամիրյան փողոցում», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
Դավիթ Տոնոյանն էլ նկատեց, որ զինծառայողների իրավունքն է՝ որտեղ է ուզում բնակարան ձեռք բերել, բայց գումար ստանալու են այն չափով, որը նախատեսվել է իր մշտական բնակության վայրին համապատասխան:
Փաշինյանը նշեց, որ նույն պատմությունն է նաեւ զինծառայողների վարկավորման հարցում, երբ կառավարությունը 10 տոկոսով տոկոսադրույքն իջեցնում է, վարկի ժամկետը երկարացնում է, հետո գնում են խորհրդարան, որտեղ իրենց քննադատում են, թե էս ինչ եք անում: «Նույնը մանկատան սաների դեպքում է: Մենք պարտավորվում ենք մանկատան սաներին բնականար տալ որտե՞ղ: Եթե ասում ենք, որ պետք է բնակարան տանք Երեւանի կենտրոնում, նշանակում է, որ մենք չենք լուծելու այդ խնդիրը: Եթե մենք մանկատան սաներին բնակարան ենք տալիս Արթիկում, գորիսում, կապանում, դա վա՞տ է: Պետք է այս հարցերում ճկուն լինենք, որ մեզ փակուղի չմտցնենք»:





























