Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը հաջորդ ամիս Բրիտանիա ԱՄՆ նախագահի այցից առաջ հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը չի համապատասխանում երկրի ղեկավարի պաշտոնում իր նախորդների «դասին»՝ հայտնում է Fox News-ը։

Բրիտանական LBC ռադիոկայանին տված վերջին հարցազրույցում Խանին հարցրել են Դոնալդ Թրամփի առաջիկա պետական այցի մասին։

«Իհարկե, մենք պետք է մոտ հարաբերությունների մեջ լինենք Միացյալ Նահանգների նախագահի հետ, սակայն մենք չպետք է կարմիր գորգ փռենք, մենք չպետք է պետական ընդունելություն կազմակերպենք»,- հայտարարել է Խանը։

«Պատմությունը մեզ հուշում է, որ միայն երկու նախագահ է այցելել պետական այցով․․․ Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը որոշակիորեն նույն դասից չէ, ինչ այն երկուսը»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով Բուշին եւ Օբամային։

Բուշը Մեծ Բրիտանիա է այցելել 2003-ին, իսկ Օբաման՝ 2011-ին։

Խանը նաեւ հայտարարել է, որ եթե իրեն հրավիրեին պաշտոնական ճաշի, ինքը չէր գնա եւ կսատարեր լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինին, որը չի այցելի այդ միջոցառմանը։

Քաղաքապետը նաեւ իր դժգոհությունն է հայտնել այն մասին, թե ինչպես է Թրամփը խոսում կանանց մասին։

Անցյալում Խանը եւ Թրամփը նույնպես «սիրալիրություններ էին փոխանակել»։ Այսպես, The Sun-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Լոնդոնի քաղաքապետը ահաբեկչության եւ հանցավորության հետ կապված «ահավոր աշխատանք է կատարել» բրիտաանական մայրաքաղաքում։

Իր հերթին BBC-ին տված հարցազրույցում Խանը Թրամփի արտահայտություններն անվանել է անհեթեթ եւ հայտարարել է, որ հանցավորության ալիքը բարձրացել է երկրով մեկ, եւ մայրաքաղաքը ստիպված է պայքարել դրա դեմ ոստիկանական փոքր բյուջեով։