Եթե հերթական ընտրություններն անցկացվեն բոլոր նախորդների նման, ժողովուրդն անպայման կապստամբի, իսկ եթե դրանք ընթանան նորմալ հունով, ապա ընդդիմությունը կվերցնի խորհրդարանի մեծամասնությունը։ Մարտի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համոզմունք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը։
«Ընդդիմության համար Հայաստանում ավելի ու ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում։ Իշխանություններն են, որ պետք է մտածեն երկրում իրականացվելիք փոփոխությունների եւ իրենց գործողությունների մասին, քանի որ իրենք կորցնելու բան ունեն»,- կարծիք հայտնեց ՆԺԿ ղեկավարը։
Անդրադառնալով իրական եւ կեղծ ընդդիմության թեմային՝ Արամ Կարապետյանը նկատեց, որ, օրինակ «Ժողովրդական կուսակցությունը»՝ ի դեմս Տիգրան Կարապետյանի՝ ընդդիմադիր չէ։ «Ես չգիտեմ, թե այդ մարդն իրեն ինչ է համարում։ Նա ինքն էլ բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ ինքը կենտրոնամետ է»,- ասաց Կարապետյանը։
Դրան հակառակ՝ ՆԺԿ ղեկավարն իրական ընդդիմություն համարեց ՀՅԴ-ին եւ «Ժառանգությանը»: «ՀՅԴ-ին ես միշտ համարել եմ ընդդիմադիր, ով ինչ ուզում է՝ ասի։ «Ժառանգությունն», այսպես թե այնպես, մերոնքական է, ուղղակի եղբայրաբար խորհուրդ կտայի պայքար ծավալել ոչ թե ռեպրեսիվ օրգանների դեմ, այլ կենտրոնանալ իշխանության բարձրագույն օղակների դեմ պայքարի վրա»,-ամփոփեց Կարապետյանը։





























