ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մերժել է հրավերը եւ չի մասնակցի մարտի 24-27-ը Ստամբուլում կայանալիք` «Ժամանակակից աշխարհում ներգրավվելու համար Թուրքիայի քաղաքականությունը» թեմայով համաժողովին:

ՀՅԴ մամլո դիվանից NEWS.am-ին հայտնում են, որ սա Ուիլթոն Պարկի կողմից Թուրքիայում կազմակերպված երրորդ համաժողովն է, որը տեղի կունենա Թուրքիայի ԱԳՆ համագործակցությամբ։ Բացումը կատարվելու է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլիի կողմից։

Վահան Հովհաննիսյանը հրավերին նամակով պատասխանել է մարտի 11-ին, նշելով. «Ցավոք, ստիպված եմ մերժել  հրավերը, որովհետեւ մենք չենք մասնակցելու Թուրքիայի կառավարության կամ նրա համագործակցությամբ կազմակերպվող, եւ կամ թուրք պաշտոնյաների մասնակցությամբ ժողովներին, քանի որ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը եւ մերժում ընդունել պատասխանատվություն դրա համար։  Համոզված եմ, որ Թուրքիայի արտաքին գործոց նախարարը բարձր կգնահատի այս սկզբունքային դիրքորոշումը»։

Վ. Հովհաննիսյանն իր նամակում ասում է. «Մենք կողմ ենք երկխոսությանը եւ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն, ականատես եղանք, թե ինչպես Թուրքիան չարաշահեց Հայաստանի կողմից անկեղծ բարյացակամության քայլը. Թուրքիան մերժում է վերջ տալ Հայաստանի միակողմանի եւ անօրինական շրջափակմանը, եւ շարունակում՝ իր կողմնակալ վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների նկատմամբ։ Հետեւաբար, մենք չենք ցանկանում Թուրքիային տրամադրել նոր լծակներ՝ իր մեքենայությունների ու նենգ վարքագծի համար»։

ՀՅԴ Բյուրոյի անդամն իր նամակն ավարտում է կրկին շնորհակալական խոսքով եւ ցանկություն հայտնում «մասնակցել Վիլտոն Պարկի այլ համաժողովների կամ նախաձեռնությունների, որտեղ կլինեն նաեւ իսկական քաղաքացիական հասարակության մասնակիցներ»։

Հիշեցնենք, որ վերջերս, Դավութօղլուն մերժում է մասնակցել միջազգային հավաքների, որոնց կմասնակցեն նաեւ Իսրայելի պաշտոնյաներ: Դավութօղլուն իր մերժումը հիմնավորում է 2010թ. մայիսի 31-ին  թուրքական նավի վրա հարձակման հետ կապված Իսրայելի ներողություն խնդրելու մերժումով։

Այս հրավերի առիթով, Վ. Հովհաննիսյանը նշել է.  «Այս հրավերը մաս է կազմում Թուրքիայի վերջին շրջանում հրապարակված քաղաքականությանը, որի նպատակն է մի կողմից Արեւմուտքին ցույց տալ թե իբր ինքը երկխոսության մեջ է Հայաստանի եւ հայության հետ, մյուս կողմից՝ պառակտել հայկական կողմը՝ կեղծ երկխոսության փորձեր անելով հայ հասարակության առանձին շրջանակների հետ՝ Հայաստանում եւ կամ Սփյուռքում։ Դաշնակցությունը լավ ծանոթ է Թուրքիայի այս վարքագծին եւ մերժում է ընթացք տալ նրա սադրանքներին, հատկապես այս օրերին՝ երբ Թուրքիան շարունակում է Հայաստանի նկատմամբ իր թշնամական քաղաքականությունը եւ Թուրքիայում դատում հայ-թուրքական իսկական մերձեցման կողմնակիցներին։ Բոլորս պետք է զգոն լինենք եւ միասնական կեցվածքով ձախողենք Թուրքիայի այս քաղաքականությունը»։