Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը էլ ավելի է բարդացրել դասագրքերի բովանդակությունը: Գերատեսչությունը հաճախ է փոփոխության ենթարկում դասագրքերը` դա պատճառաբանելով դասագրքերը տեխնիկապես, մեթոդապես եւ բովանդակությամբ բարելավելու մտադրությամբ: Ախալցխայի թիվ 1 դպրոցի տնօրեն Մակա Ջանաշվիլիի խոսքով, նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ դասագրքերը 3 տարի չպետք է փոխվեին, սակայն ուսուցիչներն ամեն տարի նոր դասագրքերով են դասավանդում:
«Մի կողմից լավ է, եթե մեզ այդպիսի շռայլություն թույլ տանք, որ ամեն տարի ծրագրում նորություններ մտնի, բայց, եթե հաշվի առնենք, որ ոչ բոլորն են կարողանում իրենց թույլ տան գնել այդ դասագրքերը...»,-ասում է տնօրենը:
Տնօրենի խոսքով, ուսումնական տարվա սկզբին, աշակերտների մեծամասնությունը չի կարող դասագրքեր ձեռք բերել: Նրանց ծնողները փորձում են դասագրքեր գտնել բարեկամներից կամ մտերիմներից, իսկ, երբ այն պարբերաբար փոխվում է, ծնողը ստիպված գնում է այն` վճարելով ավելի մեծ գումար:
«Գրքերը շատ թանկ են, եւ բոլորն էլ դժվարանում են վճարել դրա դիմաց, օրինակ 11-րդ եւ 12-րդ դասարանի դասագրքերը արժեն 18 լարի (355 դրամ)»,- գրում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը, նշելով, որ Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Շաշկինի խոսքով, դասագրքերը փոխվում են, որովհետեւ 2011-2016 թվականների համար նոր ազգային ուսուցման ծրագիր է մշակվել:




























