Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանին հրավիրել է Հայաստան:

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցելության շրջանակներում մարտի 15-ին նա հանդիպել է ՄԹ  խորհրդարանի  Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուի եւ Լորդերի պալատի նախագահ բարոնուհի Հելեն Հայմանի հետ հետ: Հանդիպումներին մասնակցել է նաեւ բարոնուհի Քերոլայն Քոքսը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումների ժամանակ անդրադառնալով ԼՂ խնդրին, Հ. Աբրահամյանն ասել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ կողմ է հակամարտության խաղաղ լուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում. խնդիրը լուծում ունի միայն միջազգային իրավունքի` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների համատեքստում եւ այդ սկզբունքներից որեւէ մեկը չպետք է գերակշռի մյուսի նկատմամբ:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացին, ԱԺ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, բայց  Թուրքիան պատրաստ չէ սկսած գործընթացը շարունակել առանց նախապայմանների:

Իր հերթին բարոնուհի Քոքսը նշել է, որ 70 անգամ այցելելով  Հայաստան եւ ԼՂՀ` համոզված է, որ այնտեղ կառուցում են իրապես ժողովրդավարական երկիր եւ քաղաքացիական հասարակություն:  Նա համարձակ եւ սկզբունքային քայլ է գնահատել  առանց նախապայմանների հայ-թուրքական  հարաբերություններ սկսելու  Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը:

Հայկական պատվիրակության անդամները Բրիտանիայի խորհրդարանում հանդիպել են նաեւ Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի անդամների հետ` Քերոլայն Քոքսի գլխավորությամբ:

Հանդիպումից հետո ԱԺ նախագահը եւ պատվիրակության անդամները շրջայց են կատարել խորհրդարանի շենքում, մասնակցել Լորդերի պալատի նիստին, որտեղ  ընթանում էր խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանը:

Այսօր՝ մարտի 15-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Միջխորհրդարանական միության բրիտանական խմբի ղեկավար Ռոբերթ Վոլթերի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կվերադառնա Հայաստան: