Գյումրիում տեղի է ունեցել Հայաստանի Անկախության 20-ամյակին նվիրված  «Վերածնունդ» ֆիլմաշարի շնորհանդեսը: Ֆիլմաշարը ներկայացնում է նոր ժամանակներում վերածնվող Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր քաղաքները` նրանց երեկվա, այսօրվա եւ վաղվա օրվա մտորումներով: Նկարահանումներն իրականացնում է Գյումրիի «Վան» հեռուստաստուդիան` «ԱրմենՏել» ընկերության ֆինանսական աջակցությամբ: «Վերածնունդ» ֆիլմաշարը բաղկացած է 12 մասից, որոնցից առաջինը նվիրված կլինի Հայաստանին, իսկ մյուսները` Երեւանին եւ հանրապետության 10 մարզերին:

«Վերածնունդ» ֆիլմաշարը Հայաստանի եւ Սփյուռքում բնակվող ողջ հայության համար մի յուրահատուկ ուղեցույց կլինի ճանաչելու եւ գնահատելու իրենց հինավուրց հայրենիքի` Հայաստանի դարավոր պատմությունը, հաղթանակած ներկան եւ հույսերով ու լավատեսական սպասումներով լի ապագան», - նշեց «Վան» հեռուստաընկերության տնօրեն Վահագն Ղազարյանը:

«Մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերում, մենք շատ ենք կարեւորում մեր ժողովրդի պատմա-մշակութային արժեքների պահպանումը: «Վերածնունդ» ֆիլմաշարը հենց այդպիսի նախագիծ է. այն ապագա սերունդների համար կհանդիսանա Հայաստանի երրորդ հանրապետության անցյալի եւ այսօրվա մասին պատմող մի հանրամատչելի տեսաձեռնարկ, որից օգտվելու աննախադեպ հնարավորություն կունենան բոլոր նրանք, ում տասնյակ տարիներ անց, կհետաքրքրի Հայաստան երկրի թե հին, եւ թե նորագույն պատմության ընթացքը», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: