Սահմանադրական դատարանի դերը կարեւոր է երկրում սահմանադրականության հաստատման համար։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածությունը քննարկելիս, մայիսի 29-ին ասել է այդ պաշտոնի հավակնորդ Արթուր Վաղարշյանը։
Նրա կարծիքով՝ ՍԴ ամեն անդամ պետք է իր հատուկ դերը խաղա եւ կարողանա օբյեկտիվորեն բացատրել տարաբնույթ իրավական նորմերը։ «Ներկայում մեր խնդիրն է արդարություն եւ իրավունք կայացնել Հայաստանի տարածքում»,- ընդգծել է Վաղարշյանը։ Ընդ որում՝ նա նշել է, որ անձամբ ինքը փորձել է նպաստել այս հարցի լուծմանը իր գիտական գործունեությամբ, մասնավորապես՝ դասախոսությունների օգնությամբ։
Թեկնածուն հավաստիացրել է, որ ընտրվելու դեպքում կփորձի հասնել որոշակի փոփոխությունների։ «Դրանցից առաջինը կլինի այն, որ Սահմանադրական դատարանի անդամները պետք է պարտադիր որոշակի մասնակցություն ունենան ՍԴ գործերի վճիռներում, ոչ թե ապարատը, ինչպես նախկինում էր։ Չէ՞ որ այն ժամանակ ՍԴ անդամները ընդամենը հաստատում էին այդ որոշումները»,- պարզաբանել է Վաղարշյանը։
Նշենք, որ դիտորդների կարծիքով՝ կառավարող «Իմ քայլը» դաշինքը ցանկանում է ՍԴ անդամի, իսկ հետո նախագահի պաշտոնում տեսնել փաստաբան Վահե Գրիգորյանին, ուստի խափանել է նախորդ քվեարկությունները։ Նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես տեսնում ենք, այս անգամ էլ է առաջադրել այլ թեկնածու։





























