Նախորդ տարիներին մենք ականատես ենք եղել ՍԴ կողմից պետության համար առանցքային հարցերով բավականին լղոզ ձեւակերպումների: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարցին, թե ՍԴ-ն ապաքաղաքական մարմին է, ինչու է իշխանությունն ուզում այդ մարմնում ոչ ապաքաղաքական մարդ տեսնել՝ հանձինս փաստաբան Վահե Գրիգորյանի, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Ըստ էության, այդ մարմինն այս տարիների ընթացքում չի կատարել այն առաքելությունը, որին կոչված էր, չի տվել ճգնաժամերին այն լուծումները, որի համար այդ մարմինը առհասարակ ձեւավորվել է: Այսինքն ՍԴ-ն չի եղել այն մարմինը, որը պետք է լիներ, եւ ես մեծ հույս ունեմ, որ այժմյան գործընթացները կհանգեցնեն հակառակ պատկերի եւ մենք կունենանք այդ բարձր առաքելությունն իրականացնող Սահմանադրական դատարան»:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը կողմ չքվեարկեց  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի թեկնածու Արթուր Վաղարշյանի օգտին։ 7-րդ գումարման ԱԺ-ում սա արդեն ՍԴ դատավորի թեկնածուի ընտրման 3 փորձն է, իսկ 6-րդ գումարման ԱԺ-ում 2 անգամ է տապալվել ՍԴ անդամ ընտրելու գործընթացը։ Նախորդ Աժ-ում տապալվել է նաեւ հենց նույն Վահե Գրիգորյանի ընտրությունը: