Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան չի կարելի որեւէ կերպ կապել Մոսկվայի պայմանագրի կնքման 90-ամյակի հետ, այդ պայմանագիրը իրավական ուժ չունի, քանի որ կնքվել է առանց Հայաստանի մասնակցության: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ շամրազանովը` մեկնաբանելով քաղաքական որոշ ուժերի մեկնաբանությունները, թե այցը հատուկ իրականացվել է Մոսկվայի պայմանագրի 90-ամյակի կապակցությամբ:

«Չարժե Էրդողանի այցը եւ դրա ժամկետները դիտարկել որպես հայ ժողովրդի ազգային զգացմունքները վիրավորելու Ռուսաստանի փորձ: Չպետք է մոռանալ, որ հենց Ռուսաստանի ճնշման տակ Ադրբեջանը ստորագրեց Սոչիի հայտարարությունը, որով նախատեսվում է հետաքննել շփման գծի միջադեպերը»,- ասել է Շարմազանովը:

Մեկնաբանելով Մոսկվայում Էրդողանի արած հայտարարությունը թե ղարաբաղյան կարգավորման դեպքում կարելի է առաջընթաց ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում, Շարմազանովն ասել է. «Եթե Էրդողանը իսկապես տարածաշրջանում խաղաղություն եւ կայունությունէ  ուզում, ավելի լավ է` թող Թուրքիան որպես բարի կամքի դրսեւորում բացի սահմանները եւ վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները»:

Հիշեցնենք, որ 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի պայմանագրով քեմալական Թուրքիան եւ բոլշեւիկյան Ռուսաստանը փաստացի կիսեցին Հայաստանի Հանրապետության տարածքը. Թուրքիան ստացավ 1877-78 թվականներին կորցրած Կարսի մարզի տարածքը եւ Բաթումի մարզի հարավային մասը, իսկ Բաթումի մարզի հյուսիսային մասի փոխարեն բոլշեւիկները թուրքերին փոխանցեցին Սուրմալուի գավառը: 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որով հաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից:

Նշենք նաեւ, որ այսօր Էրդողանի Մոսկվա այցելությունը հենց մարտի 16-ին կազմակերպելու դեմ Երեւանում բողոքի ակցիա են կազմակերպել ՀՅԴ երիտասարդները: