2020 թվականի հունվարի 1-ից գործելու են ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված տրանսֆերային գնագոյացման կարգավորումները։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս կապակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումն ապահովող աշխատանքները: Մասնավորապես, ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման եւ հարկային համագործակցության բաժնի, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, ծրագրերի եւ ոլորտի փորձագետների հետ համատեղ մշակվել են մի շարք իրավական ակտերի նախագծեր, որոնք առաջիկայում կներկայացվեն շահագրգիռ կողմերի քննարկմանը։ Մասնավորապես, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի (Good Governance Fund) «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում արդեն իսկ մշակվել են տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառման, պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման, ինչպես նաեւ փոխհամաձայնեցման ընթացակարգի իրականացման կարգերը։ Նախագծերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշում են ներկայացրել նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության, ինչպես նաեւ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում Իտալիայի եկամուտների գործակալության՝ տրանսֆերային գնագոյացման գծով փորձագետները։ 

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառումն ապահովող աշխատանքների գործընթացում կարեւորվում են նաեւ հարկ վճարողների անմիջական մասնակցությունը եւ դիտարկումները։ Այդ նպատակով Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ եւ «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում մի շարք հարկ վճարողների հետ պարբերաբար կազմակերպվում են աշխատանքային հանդիպումներ՝ քննարկելու տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմամբ պայմանավորված հնարավոր խնդիրները, առաջարկվող լուծումները եւ այլն։ Շարունակական հանդիպումների նպատակն է՝ սահուն եւ արդյունավետ կազմակերպել տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրումը։