Ռուսական եւ թուրքական կողմերը միտված են առեւտրային հարաբերությունների հետագա զարգացմանը: Նման կարծիք է հայտնել Պետդումայի միջազգային գործերի հանձնաժողովի անդամ Ռուսլան Կոնդրատեւը` ER.RU-ի հետ զրույցում մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկկողմ բանակցությունները:

«Այդ բանակցությունները գտնվում են Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների ամրապնդման հունում, որ մեկնարկել է մի քանի տարի առաջ: 2005-2006 թվականներին պարզ դարձավ, որ Մոսկվան Թուրքիային աշխարհաքաղաքական կամ ռազմական մրցակից չի համարում Հարավային Կովկասում, ինչպես 90-ականների վերջին, երբ հարաբերությունների լուրջ լարվածություն կար` կապված, այդ թվում, ղարաբաղյան հարցի, Հայաստանի ապագայի եւ նրա զարգացման տեսլականների հետ:

Այժմ կարելի է համոզվածությամբ պնդել, որ ռուս-թուրքական կապերը դուրս են գալիս լայնածավալ ռազմավարական գործընկերության մակարդակի: Ինչպես ռուսական, այնպես էլ թուրքական կողմերը միտված են առեւտրային հարաբերությունների զարգացմանը»,- ասել է պատգամավորը: