Քեյփթաունի ավտոլցակայաններից մեկի աշխատակից Նկոսիկո Մբելեին օգնելու համար բարեխնամ քարոզարշավը հավաքել է ավելի քան 330 հազար ռանդ այն բանից հետո, երբ նա իր հաշվին վճարել է մի հաճախորդուհու բենզինի փողը, որը տանն էր մոռացել վարկային քարտը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով The Sowetan-ին։

Նրա հերթափոխներից մեկի ժամանակ ավտոլցակայան է մտել Մոնեթ վան Դեւենթերը, որի մեքենայի բենզինը վերջացել էր։ Նա բենզինի փող չուներ, տանն էր մոռացել վարկային քարտը, եւ Մբելեն, ոչ մի գրավ կամ երաշխիք չպահանջելով, նրա մեքենայի մեջ իր հաշվին վառելիք էր լցրել, թեեւ ինքն էլ այդ պահին հազիվ էր ծայրը ծայրին հասցնում՝ երկու երեխա եւ մորն ու եղբորը խնամելով։

Վան Դեւենթերի խոսքով, ինչպես հետո ասել է սոցցանցերում, այդ արարքը նրա վրա ուժեղ տպավորություն է գործել եւ «հույս ներշնչել Հարավային Աֆրիկայի երջանիկ ապագայի մասին»։ Նա որոշել է Մբելեի մասին պատմել եւ ինտերնետ պորտալներից մեկում կազմակերպել է նվիրատվություն նրա համար։ Արդյունքում՝ մեկ շաբաթում հավաքվել է ավելի քան 330 հազար ռանդ։

«Դա Աստծո կամքն էր։ Ինձ թվում է, ես քնած եմ։ Ես ցնցված եմ»,- Մբելեին մեջբերել է պարբերականը։ Նրա համար հավաքված միջոցների մի մասը նա որոշել է ուղղել անօթեւան երեխաներին օգնություն ցուցաբերելուն։