2018 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը հասել է 6 մլրդ 923 մլն դոլարի: Այս մասին հունիսի 5-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ընդ որում՝ նա պարզաբանեց, որ 6 մլրդ 373 մլն դոլարը Կառավարության փաստացի պարտքն է: Մնացյալ 550 մլն դոլարը Կենտրոնական բանկի պարտքն է:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ Կառավարության պարտքի բաժինը դեռեւս նախկին մակարդակում է: Այսպես՝ 1 մլրդ 390 մլն դոլարը բաժին է ընկնում ներքին պարտքին, մնացյալ 5 մլրդ դոլարը՝ արտաքին պարտքին:

Ջանջուղազյանը նաեւ նշեց, որ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը փոխվել է, եւ 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 51,4 տոկոսը: Ընդ որում՝ նրա իսկ խոսքով, ընդհանուր պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 55,8 տոկոսը:

«Այս ամենից ելնելով՝ Հայաստանը համարվում է պարտքային փոքր բեռով երկիր»,- հավաստիացրեց ֆինանսների նախարարը: