«Առավոտն» իր խմբագրականում գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում Ազատության հրապարակում: Քաղաքական գործիչ է, կուսակցության ղեկավար: Ճիշտ է անում, թե սխալ` քննարկելու խնդիր է: Բայց ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի չարությամբ եւ ցինիզմով է մեկնաբանվում այդ լուրը` սափրվելու, Մեծ Պահքի եւ դիետայի համատեքստում: Պարզ է, որ քաղաքական դաշտի խաղացողները խնդիր ունեն իրար նսեմացնելու, դրա միջոցով միավորներ վաստակելու եւ այլն: Բայց դա արվում է հասարակության ընդհանուր «անհավատության» ֆոնի վրա, եւ ոչ միայն այս շահագրգիռ կողմերը, այլեւ, այսպես ասած, «պատահական անցորդներն» են «հաց չուտելու» կապակցությմաբ կատակներ անում:
Վստահաբար կարող եմ ասել, որ Արեւմուտքում նման քաղաքական ակցիան այդպես չէր ընկալվի: Որոնք են մեր ցինիզմի արմատները` այդ հարցին մեկ համակարգչային էջի «ֆորմատում» հնարավոր չէ պատասխանլ: Կարող եմ ենթադրել միայն, որ պատճառները պետք է փնտրել մեր նորագույն պատմության մեջ: 20-րդ դարի մեծ մասը մենք ապրել ենք շինծու, դրսից պարտադրված արժեքների պայմաններում, որոնց մեր պապերի մի մասը գուցե հավատում էր, մեր ծնողները չէին հավատում, իսկ մենք նրանց հետ միասին ծաղրում էինք այդ արժեքները խոհանոցներում: Տեսնելով պաշտոնապես հայտարարվող բավականին գեղեցիկ գաղափարների եւ իրականության անհամապատասխանությունը` մենք ենթագիտակցաբար եկանք այն համոզման, որ ընդհանրապես բոլոր գեղեցիկ գաղափարներն են փուչ եւ ծաղրի ենթակա:
…Նախկին շինծու, կեղծավոր արժեքային համակարգը փլուզվել է, բայց դրա փոխարեն մենք 20 տարում նորը չստեղծեցինք: Շուկայական հարաբերությունները, իմ կարծիքով, չեն կարղ նման համակարգի մաս լինել` դրանք ընդամենը գործիքներ են` տնտեսությունը կառավարելու համար: Եթե չկա նյութից բարձր գաղափար, որին քաղաքացիների մեծ մասը հավատում է, հնարավոր չէ կառուցել ոչ պետություն, ոչ ժողովրդավարություն, որ էլ նույնիսկ շուկայական տնտեսություն: Առաջ համեստ ու ժուժկալ կյանքը քարոզում էին ռայկոմի քարտուղարները` իրենց «սպեցպայոկներով», իսկ այժմ եպիսկոպոսները` իրենց «Բենթլիներով»: Ո՞րն է այստեղ տարբերությունը»:




























