ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է փաստաթղթեր՝ կապված նմուշների հետազոտության հետ, որոնք կարող էին պատկանել ձնե մարդուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

1976 թվականին տեղեկատվական կենտրոնի տնօրեն Պիտեր Բեռնը, որը զբաղվում է յետիի գոյության հարցերով, ՀԴԲ լաբորատորիային խնդրել է կատարել 15 մազի եւ հյուսվածքի անալիզ: Գերատեսչությունը համաձայնվել է բացառության կարգով հետազոտել «գիտական հետազոտության շահերի շրջանակում»: Պարզվել է, որ նմուշները պատկանել են եղջերվազգիների ընտանիքի ներկայացուցչի:

Բեռնը, որը հիմա արդեն 93 տարեկան է, չորեքշաբթի CNBC-ին ասել էր, որ դեռ պահպանել է ձնե մարդու գոյությունն ապացուցելու հույսը: Նրա խոսքով՝ վերջին 50 տարում ինքը Հիմալայներում հայտնաբերել է յետիի հետքերի 2 կամ 3 շղթա: Հետքերից դատելով՝ ձնե մարդը 5-ական ոտնամատ ունի: Բեռնը, միաժամանակ, խոստովանել է, որ դրանք կարող էին պատկանել հնդկական սադհին՝ հնդկական սուրբ, որն աշխարհից եւ նյութական հաճույքներից հրաժարվել է:

Հեռուստաալիքը հավելել է, որ սա առաջին դեպքն է, երբ ՀԴԲ-ն մազերի անալիզ է անցկացրել, որպեսզի որոշի՝ արդյո՞ք դրանք պատկանել են ձնե մարդուն: Նշվում է, որ գերատեսչությունը բավականին արագ է գործել: