Հյուսիսային Կարոլինա նահանգից թոշակառուն Powerball վիճակախաղով շահել է 344.6 մլն դոլար: Չորեքշաբթի CNBC հեռուստաալիքը հաղորդել է, որ շահող են եղել այն թվերը,որոնք տղամարդը տեսել է թոռնիկի նվիրած կանխագուշակությամբ թխվածքաբլիթի ներդիրի հակառակ կողմում, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

66-ամյա Չարլզ Ջեսոն կրտսերը միանգամից չի հասկացել, որ ջեքփոթ է շահել: Սկզբում նա մտածել է, որ շահել է 6 թվերից միայն 5-ը եւ նրա շահումը կազմում է 50 հազար դոլար, սակայն որոշել է ստուգել համացանցով:

«Դու չես հավատա, ես շահել եմ ամբողջը», - ասել է նա կնոջը՝ գիտակցելով իր շահումի մեծությունը:

Ջեսոնը հույս  է հայտնել, որ նման խոշոր շահումը շատ չի փոխի իրեն կամ իր ընտանիքին:

 «Կարծում եմ, որ շատ բան չի փոխվի: Ուզում եմ ասել, որ ես կշարունակեմ ջինս կրել, բայց հավանաբար, մի քանի հատ նորը կգնեմ», - CNBC-ը մեջբերում է նրան:

Տղամարդը շահած գումարի մի մասը մտադիր է բարեգործության համար ծախսել: 1 մնլ դոլարը նա կտա եղբորը հին պայմանավորվածությունը իրականացնելու համար. եթե նրանցից մեկը վիճակախաղով շահի, ապա նման գումար պետք է  տա մյուսին: Բացի այդ նորաթուխ միլիոնատերը պատրաստվում է կնոջ հետ Վիետնամ մեկնել: