Միգրանտների 1,2 հազարանոց քարավանը չորեքշաբթի Գվատեմալայից հասավ Մեքսիկա։ Ինչպես տեղեկացնում է Televisa հեռուստաալիքը, Կենտրոնական Ամերիկայից եկած այս մարդիկ, չունենալով անհրաժեշտ փաստաթղթեր, հատել են սահմանամերձ կամուրջը, որն այդ պահին չէր հսկվում ոստիկանության կողմից, եւ ուղեւորվել են Տապաչուլա քաղաք, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Մինչ այդ Գվատեմալայի եւ Մեքսիկայի սահմանը հատել էր միգրանտների խումբը աֆրիկյան երկրներից։ Նրանց թվաքանակի մասին տվյալներ չեն հաղորդվել։
Milenio հեռուստաալիքի տվյալներով՝ մեքսիկական իշխանությունները որոշել են քարավանը կանգնեցնել եւ դրա համար դաշնային ոստիկանության եւ բանակի սոտարաբաժանումներ են կանչել։
Մայիսի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Մեքսիկայից ապրանքների վրա 5 տոկոս տուրք մտցնելու մասին եւ խոստացել, որ այն կավելանա, քանի դեռ Մեխիկոն չի դադարեցնի անլեգալ միգրանտների հոսքը ԱՄՆ։ 2018-ին ԱՄՆ-ը հարեւան երկրից գնել էր 346,6 մլրդ դոլարի ապրանք։ Մեքսիկայի ԱԳՆ ղեկավար Մարսելո Էբրարդն ասել է, որ իր երկիրը պատասխանատվություն չի կրում «Կենտրոնական Ամերիկայից եւ այլ երկրներից միգրանտների հոսքի համար», ինչպես եւ ԱՄՆ-ում թմրանյութերի օգտագործման աճի համար։
Երկու պետությունների ներկայացուցիչների բանակցությունները տուրքերի շուրջ սկսվել են Վաշինգտոնում չորեքշաբթի եւ կշարունակվեն հինգշաբթի։ Թրամփն ասել է, որ բանակցությունների ընթացքում առաջընթաց կգրանցվի։
Մեքսիկայի ԱԳՆ տվյալներով՝ այս տարի երկիրը բախվել է ԱՄՆ-ում հայտնվել ձգտող միգրանտների թվի ավելացման Կենտրոնական Ամերիկայի, Կարիբյան ավազանի երկրներից եւ այլ շրջաններից։ Գերատեսչության գնահատականների համաձայն՝ խոսքը 300 հազար մարդու մասին է միայն առաջին եռամսյակում։





























