Չինաստանը դեռեւս շատ քաղաքական գործիքներ ունի ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմ վարելու համար: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԿԲ նախագահ Իյ Գանը Bloomberg TV-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Չինաստանը հսկայական հնարավորություններ ունի խորացող առեւտրային պատերազմին դիմակայելու համար:

«Մենք տոկոսադրույքների, ռեզերվացման պարտադիր նորմայի  հնարավորություն ունենք, ինչպես նաեւ ֆիսկալ եւ դրամավարկային քաղաքականության գործիքների հավաքածուի հնարավորություն, ես կարծում եմ, որ ուղղման տարածությունն ահռելի է», - ասել է Իյը:

Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել են այն բանից հետո, երբ առեւտրային բանակցությունները փակուղի են մտել:

Նախօրեին Չինաստանը հայտարարել էր, որ առաջիկայում կհրապարակի «անվստահելի» օտարերկրյա ընկերությունների եւ անհատների սեւ ցուցակը, որոնք ինչպես ակնկալում են վերլուծաբանները, ուղղված կլինի չինական տեխնոլոգիական հսկա Huawei-ին մատակարարումները դադարեցրած ընկերություններին:

Մայիսին Միացյալ Նահանգների առեւտրի նախարարությունը  Huawei-ը եւ նրա տասնյակ մասնաճյուղերը ազգային անվտանգության նկատառումներից ելնելով ներառել էր սեւ ցուցակում՝  սահմանափակելով ընկերության հասանելիությունը Միացյալ Նահանգներում արտադրվող կարեւորագույն բաղադրիչներին եւ ծրագրային ապահովմանը:

Իյը մասնակցել է Վաշինգտոնի հետ  առեւտրային բանակցությունների մի քանի փուլերին եւ հանգստյան օրերին պետք է  հանդիպի ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ:

Չինական յուանը նույնպես արագ արժեզրկվել է դոլարի նկատմամբ, քանի որ վերջին շաբաթներին ուժեղացել է առեւտրային լարվածությունը:

«Առեւտրային պատերազմը ժամանակավոր ճնշում կգործադրի յուանի վրա, բայց դուք կտեսնեք, որ աղմուկից հետո յուանը կդառնա շատ կայուն եւ համեմատաբար ուժեղ, զարգացող շուկայի արժույթների համեմատ, նույնիսկ փոխարկելի արժույթների համեմատ», - ասել է  նա: