Հայաստանը խիստ շահագրգռված է, որ Թուրքիան ունենա հաջողություններ ԵՄ ինտեգրացիայի ճանապարհին: Այս մասին այսօր՝ մարտի 17-ին Բելգիայում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մենք ցանկանում ենք ունենալ դեմոկրատական, զարգացած շուկայական կանոններով, եվրոպական արժեքներով ապրող հարեւան, քանի որ դա կապահովի տարածաշրջանային անվտանգություն, նաեւ` Հայաստանի զարգացման համար կստեղծի ավելի բարենպաստ պայմաններ»,- ասել է ՀՀ վարչապետն ու հավելել, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, դրա համար էլ համարձակ ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները:
«Ցավոք, տեսնում ենք, որ Թուրքիայի վրա կան լուրջ ճնշումներ, եւ Թուրքիան դեռեւս պատրաստ չէ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»,- ասել է նա:




























