Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,
Շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունները ցույց տվեցին այն վստահության բարձր մակարդակը, որը Ղազախստանի բարեկամ ժողովուրդը ցուցաբերում է Ձեր եւ Ձեր գործունեության ծրագրի նկատմամբ:
Մաղթում եմ ձեզ հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում բոլոր նպատակների իրականացման գործում՝ հանուն խաղաղության, առաջընթացի եւ Ղազախստանի բարեկամ ժողովրդի բարգավաճման:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի էլ ավելի ամրապնդել եւ բարելավել մեր ժողովուրդների ու երկրների հարաբերությունները: Պատրաստ եմ ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով երկխոսության հետագա զարգացման ու համագործակցության ուղղությամբ»:
Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորել է նաեւ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ղազախստանի ժողովուրդն աջակցեց երկրի կայունությանն ու տնտեսական հետեւողական զարգացման քաղաքականությանը: Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը եւ հեղինակությունը կնպաստեն հայ-ղազախական հարաբերությունների խորացմանը՝ հիմնված մեր ժողովուրդների բարեկամության եւ փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա»։
Նախագահ Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին մեծ հաջողություններ է մաղթել պատասխանատու պաշտոնում, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում:





























