Ռուսաստանը կարեւոր է համարում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, սակայն մտադիր չէ խառնվել դրանց զարգացմանը։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստիի», հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պատոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։
Նրա խոսքով, հայ-թուրքական մերձեցումը նախեւառաջ երկկողմ հարաբերությունների հարց է, եւ Ռուսաստանը մտադիր չէ խառնվել այդ գործընթացին։
Նշենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրել էին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման» եւ «Երկկողմ հարաբերությունների զարգացման» մասին արձանագրությունները, որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարաններում, սակայն այդ բանը տեղի չունեցավ։
Ստորագրման արարողությանը ներկա էին ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Բեռնար Քուշները, ինչպես նաեւ Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավյեր Սոլանան։ Ստորագրման արարողությունը եթեր էին հեռարձակել աշխարհի 70 հեռուստաալիքներ։
Սակայն արդեն 2009 թվականի դեկտեմբերի 7-ին Թուրքիան հիշել էր անցյալը եւ հայ-թուրքական գործընթացը կապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։





























