Սեպտեմբերի 1-ին իր դռները կբացի «Այբ» ավագ դպրոցը, որը մասն է «Այբ» կրթական հիմնադրամի դպրոցաշինության լայնածավալ ծրագրի:
Հատուկ «Այբ» ավագ դպրոցի դիմորդների եւ նրանց ծնողների համար «Այբ» կրթական հիմնադրամը նախաձեռնել է բաց դռների օրերի շարք, որտեղ հիմնադրամի մասնագետները ներկայացնում են դպրոցի ծրագիրը եւ պատասխանում ներկաների հանցերին:
«Այբ» ավագ դպրոց կարող են դիմել 9-րդ եւ 10-րդ դասարանցիները: Ընդունելությունը քննություններով է, որոնք կանցկացվեն ապրիլի վերջին:
Դպրոցն այս տարի ընդունում է մինչեւ 100 աշակերտի:
Մարտի 22-ից մինչեւ ապրիլի 16-ը հատուկ «Այբ» դպրոցի դիմորդների համար կազմակերպվում են նաեւ մինի-դասեր, որոնց նպատակն է ծանոթացնել աշակերտներին քննական թեմաներին եւ խնդիրներին:
Նշենք, որ «Այբ» դպրոցը առաջին հայկական դպրոցական ավանն է, որտեղ համադրվում են Մեսրոպյան դպրության լավագույն ավանդույթներն ու կրթական ժամանակակից տեխնոլոգիաները: «Այբ» դպրոցը ձգտում է դառնալ 21-րդ դարի հայկական դպրոցի մոդելը, դպրոց, որը՝ իր հոգեւոր, մշակութային, մտավոր եւ սոցիալական չափումներով հանդերձ, դառնալու է «Հայկական դպրոցի» բրենդը:
«Այբ» դպրոցը զբաղեցնելու է Երեւանի Թբիլիսյան խճուղուն հարող 6.5 հա հողատարածք: Դպրոցը նախատեսված է 810 աշակերտի համար եւ ունի եռաստիճան համակարգ` տարրական, միջին եւ ավագ դպրոցներ: «Այբ» դպրոցի մյուս բաղադրիչներն են մեդիա արվեստների կենտրոնը, գործարար կենտրոնը, եկեղեցին, մանկապարտեզը, բնակելի համալիրը եւ հանրային այգիները:
Այս տարվա սեպտեմբերի 1-ին բացվում է «Այբ» ավագ դպրոցը: Ուսուցումը դպրոցում հոսքային է՝ «Հումանիտար գիտություններ», «Գործարարություն եւ տնտեսագիտություն», «Մաթեմատիկա եւ ինֆորմատիկա», «Բնագիտություն» հոսքերում: Դասավանդման լեզուն հայերենն է: Ուսուցումը կրեդիտային համակարգով է: Ուսումնական ծրագիրը ներառում է պարտադիր, ընտրովի եւ նախասիրական առարկաներ, եւ յուրաքանչյուր աշակերտ ինքն է ձեւավորում իր վերջնական ծրագիրը:





























