Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հանդիպումը Ազատության հրապարակում հացադուլ անող, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ նպատակ է հետապնդել պարզել ընդդիմադիր գործչի նման արմատական քայլի պատճառը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ինքը` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Քանի որ քաղաքական պայքարի նման արմատական մեթոդները ես ոչ նպատակահարմար եւ չարդարացված եմ համարում, որոշեցի ինքս հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին, պարզել, թե ինչն է նրան մղել այդ քայլին, որոնք են իր բողոքները եւ ինչ միջոցներ կարելի է գտնել դրանց կարգավորման համար:
Րաֆֆի Հովհաննիսյանը միայն ասել է, որ հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի երկրում ստեղծված իրվիճակի: Այս դեպքում շատ բարդ է գտնել մեխանիզմներ, որոնք կբավարարեին Րաֆֆի Հովհաննիսյանին եւ կստիպեին փոխել իր որոշումը»,- ասել է նախարարը` հավելելով, որ Հովհաննիսյանը հստակ պատասխան չի տվել հարցին, թե ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում է դադարեցնելու հացադուլը:
Թովմասյանը հայտնել է, որ Հովհաննիսյանի առողջությանը հետեւում են թիվ 4 հիվանդանոցի բժիշկները: «Ուրախալի է, որ ըստ բժիշկների, Հովհաննիսյանի առողջական վիճակը բավարար է»,- ասել է նախարարը:





























