«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն առաջարկում է համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների տնօրենների ընտրություններում նվազեցնել համայնքի ղեկավարի սուբյեկտիվ նշանակման հնարավորությունը։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունիսի 21-ին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը։
Բացի այդ, նրա խոսքով, առաջարկվում է Ավագանուն հնարավորություն տալ էական մասնակցություն ունենալ այս հարցում։ «Համաձայն գործող օրենքի՝ տեղական ոչ առեւտրային կազմակերպությունների տնօրենները նշանակվում են բացառապես տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի սուբյեկտիվ որոշման արդյունքում, ղեկավարն է որոշում թեկնածուին, ներկայացնում տեղական խորհրդի հաստատմանը։ Կա նաեւ մի անհեթեթ կետ, որով համայնքի ղեկավարը երկու անգամ թեկնածուի չընտրվելու դեպքում իրավունք ունի միանձնյա նշանակել նրան։ Դա խոչընդոտում է մարդկանց հավասար հնարավորություններին այդ պաշտոնում աշխատելու համար, երբեմն, ելնելով կողմնակալ նպատակներից, լինում են նաեւ աննպատակահարմար նշանակումներ։ Այս օրենքի փոփոխություններով մենք ցանկանում ենք լուծել այդ խնդիրը, բարձրացնել Ավագանու դերը եւ ներգրավել ավելի պրոֆեսիոնալ մասնագետների»,- պարզաբանել է Եղիազարյանը։
Ընդ որում՝ նա նշել է, որ տեղական ոչ առեւտրային կազմակերպությունների ղեկավարների թափուր պաշտոններում կիրականացվեն մրցույթներ, որոնց անցկացման կարգը կորոշի կառավարությունը։ Պատգամավորը նաեւ ավելացրել է, որ մրցույթի արդյունքներով ընտրված թեկնածուի նշանակումը կհաստատի կամ կմերժի Ավագանին։ Եղիազարյանը նաեւ մինչեւ նախագծի երկրորդ ընթերցում առաջարկում է օրենքով հստակ սահմանել մրցույթի անցկացման կարգը։





























