ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրված ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարեց մեկնաբանել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու վերաբերյալ:
«Իմ այսօրվա կարգավիճակով, որպես ԲԴԽ նանդամի թեկնածու, ես ճիշտ չեմ համարի մեկնաբանել եւ խորը իրավական վերլություն կատարել համապատասխան դրույթների: Ուղղակի կարող եմ նշել, որ դա հարգարժան պարոն Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր, կարծիքն է, որը հիմնված է համապատասխան Սահմանադրության և այլ դրույթների վերլուծության հիման վրա»,- ընդգծեց Վիգեն Քոչարյանը:
Նա հավելեց, որ այն վերլուծությունը, որ կատարել է Վահե Գրիգորյանը, ինքը չի կատարել. «Դրա համար այդ հարցին պատասխանելն այս պահին տեղին չեմ համարում»:
Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Վենետիկի հանձնաժողովի տեսակետը այս հարցի վերաբերյալ, փոխնախարարը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովը տեսակետներ հայտնում է համապատասխան փաստաթղթերի, հարցադրումների հետ կապված. «Դեռևս մենք այս զարգացումների հետ կապված ո՛չ հարցադրում ունենք, ո՛չ էլ արձագանք»:
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը հունիսի 20–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։ Ավելի ուշ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարեց, որ Հրայր Թովմասյանը այլևս Սահմանադրական դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին:
Ըստ պատգամավորի՝ ոստիկանությունը չպետք է թույլ տա ոչ դատավորին մուտք գործել ՍԴ–ի վարչական տարածք։





























