Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար այսօր «Ագաթ»  ՀԿ-ն կազմակերպել էր դասընթաց խոսքի եւ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ ժեստերի լեզվով հաղորդակցվելու վերաբերյալ:

Ժեստերի լեզվի մասնագետ Ռոզա Ավագյանը դասընթացի մասնակիցներին է ներկայացրել մարդու իրավունքներին առնչվող շուրջ 300 առաջնային ժեստեր, որոնք կօգնեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցներին արդյունավետ հաղորդակցվել խոսքի եւ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց հետ:

 «Մենք բոլորս պետք է ունենանք համապատասխան գիտելիքներ լսողական խնդիրներ ունեցողների հետ արդյունավետ հաղորդակցվելու համար, որն առավել կնպաստի նրանց ինտեգրմանը եւ իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը»,- դասընթացի բացման ժամանակ ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա կարեւորել է «Ագաթ» ՀԿ-ի հետ համագործակցությունը, որն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը, ինչպես նաեւ արդյունավետ սոցիալական ներառմանը:

Դասընթացի կազմակերպիչները Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին են տրամադրել ժեստերի լեզվի ուղեցույց-բառարաններ: