Բացահայտվել է մարտի 16-ին 75-ամյա ծերունուն դանակահարած ու սպանած անձի ինքնությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարտի 16-ին որովայնի կտրած վերքով եւ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 75-ամյա Երվանդ Առաքելյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել էին, որ նույն օրը, ժամը 20.30-ին, Առաքելյանը գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել էր:
Պարզվել էր, որ Երվանդ Առաքելյանը հիվանդանոց է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 72-ամյա Մաքսիմ Պ.-ի բնակարանից` վերջինիս ահազանգով:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Մարտի 18-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներով պարզվել է, որ Երվանդ Առաքելյանին մարտի 16-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իր բնակարանում դանակով հարվածել եւ սպանել է Մաքսիմ Պ.-ն:
Նա ձերբակալված է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




























