Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները Երեւանի ոստիկանության ձերբակալվածների պահման վայրից Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տեղափոխել ոստիկանության նախկին աշխատակից, նախկինում դատված, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչ, 43-ամյա Ալբերտ Չիլինգարյանին եւ նախկինում մի քանի անգամ դատապարտված, Երեւանի բնակիչ, 47-ամյա Ռաֆայել  Աղամյանին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա մարտի 18-ին Երեւանի բնակիչ Պերճ Տեր-Հարությունյանը, ով աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Երեւան քաղաքի Կենտրոնի դատախազի տեղակալ, հայտարարություն է տվել ոստիկանություն, որ իր տղան երկու օր առաջ տանից դուրս է եկել եւ չի վերադարձել, իսկ արդեն մարտի 18-ին իրեն է զանգահարել որդին եւ ասում, որ իրեն առեւանգել են, եւ հայրը պետք է որպես փրկագին վճարի 5 հազար ԱՄՆ դոլար:

Օպերատիվ խումբը պարզել է, որ զանգը ստացվել է Պտղնի գյուղի տարածքից, եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, մարտի 18-ի կեսգիշերին ոստիկանները գյուղի Չիլինգարյանի ամառանոցում հայտնաբերել են Հովհաննես Տեր-Հարությունյանին` կապկպված վիճակում: Վերջինս, ի դեպ, նախկին ոստիկան է եւ կաշառակերության համար դատապարտվել էր:

Ի դեպ, Ռաֆայել Աղամյանը Տիգրան Կարապետյանի «Ժողովրդական կուսակցության» անդամ է:

Հանցագործության դրդապատճառը եղել է առեւանգիչների եւ առեւանգվածի միջեւ ֆինանսական խնդիրները:

Ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով (Մարդուն ազատությունից ապօրինի զրկելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով):

   Ալբերտ Չիլինգարյան

 

   Ռաֆայել  Աղամյան

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի