Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի նամակը: Այս մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ Վահե Գրիգորյանի մասնավոր կարծիքն ընդունվել է ի գիտություն:
Ռադիոկայանը, մասնավորապես հետաքրքրվեր էլ՝ արդյո՞ք նախագահը կարծում է, որ Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, պատրաստվո՞ւմ է արձագանքել Վահե Գրիգորյանի նամակին, ո՞ր տարբերակն է ընդունելի համարում։
Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացրել էր նախագահ Արմեն Սարգսյանը։ Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Ազգային ժողովում երդվելիս հայտարարել էր ՍԴ-ում ճգնաժամի մասին, որը պայմանավորված է Սահմանադրական դատարանի գործող կազմով։ Նա նշել էր, որ ՍԴ-ն ունի ընդամենը երկու դատավոր, մյուսները ՍԴ անդամներ են, ուստիեւ որոշում կայացնելու լիազորություն չունեն։
Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին եւ ելքեր առաջարկել:





























