Որպեսզի հասկանանք Իրանի իսլամական հեղափոխության նշանակությունը տարածաշրջանային անվտանգության համատեքստում, անհրաժեշտ է նախեւառաջ քննարկել իսլամական քաղաքական գործոնի դերակատարումն իրանական հասարակության կազմակերպման հարցում, այնուհետեւ վերլուծել իսլամական քաղաքական գաղափարախոսության՝ այլ արժեհամակարգերի հետ համատեղելիության խնդիրը միջպետական հարաբերությունների մակարդակում: Հիմնականում այս երկու կարևորագույն գործոններն են բացահայտում Իրանում իսլամական քաղաքական գործընթացների նշանակությունն՝ ուղղված տարածաշրջանի խաղաղ, կայուն զարգացմանն ու անվտանգության համակարգի պահպանմանը:  

Վերոհիշյալ հարցի առաջին մասի պատասխանը կարելի է գտնել 1978-1979թթ. Իսլամական հեղափոխությունից ցայսօր ընկած ժամանակահատվածում՝ Իսլամական հանրապետության գոյատեւման շուրջ երեսուն տարիների դժվարին ճանապարհին, որի ընթացքում իսլամական քաղաքական գործընթացը հանդես է եկել որպես իրանական հասարակության զարգացման և առաջընթացի միակ և անփոխարինելի գաղափարախոսություն: Այդ տարիների ընթացքում աշխարհում փոխվեց ԻԻՀ նկատմամբ վերաբերմունքը, որը մեծապես պայմանավորված էր իսլամական քաղաքական մոդելների շարժունակությամբ, ինչպես նաև կենսունակության անվիճելի հատկանիշներով: Ինչպես նշում է Ի. Մուրադյանը, «Արևմուտքի հայացքն ուղղված Իրանի իսլամական հեղափոխությանը, որպես տափակ և անհամ ազգայնականության, արագորեն փոխվեց, և Արևմուտքը հասկացավ, որ գործ ունի բավականին խորը հասարակական-քաղաքական երևույթի հետ»[1]:

Սակայն հարկ է նկատել, որ իսլամական քաղաքական գործընթացների ընդլայնումն ու հանրաճանաչությունն անհնարին կդառնար, եթե դրա հիմքում չլիներ կրոնական գաղափարախոսությունը, որն առավել մատչելի է հասարակական ընկալման տեսանկյունից: ԻԻՀ-ն առաջնային կարևորություն է տալիս իսլամական հոգևոր-մշակութային արժեքների քարոզչությանը երկրի ներսում և նրանից դուրս, որը տարածաշրջանային անվտանգության պահպանման հրամայականը նյութական ընկալումից տեղափոխում է հոգեւոր դաշտ։

Կառավարման իսլամական մոդելների հանրաճանաչությունը բացատրվում է նաև արտաքին գործոններով՝ մի շարք արևելյան երկրներում արեւմտյան արդիականցման մոդելների ճգնաժամով, սոցիալիստական ուղին ընտրած պետությունների տնտեսական հետամնացությամբ, այնուհետև սոցիալիստական գաղափարախոսության տապալմամբ, որոնք զրկեցին կոմունիզմ կառուցելու գաղափարները գրավչությունից[2], իսլամադավան հասարակությունների զարգացման այլընտրանքային գաղափարախոսության անհրաժեշտության գիտակցմամբ և այլն:

Խնդիրը բարդանում է միջպետական և տարածաշրջանային հարաբերությունների ոլորտում, որտեղ իսլամական քաղաքական գաղափարախոսությունը հակասական արձագանքներ է գտնում այլ քաղաքական համակարգերի գաղափարախոսական խաչմերուկներում: Հիրավի, իսլամական քաղաքական գործընթացի վերաբերյալ արտահայտվող կարծիքներն ու գնահատականները խիստ տարբեր են, սակայն համաշխարհային խաղացողների գերզգայուն վերաբերմունքն ԻԻՀ-ին առնչվող իրադարձությունների նկատմամբ վկայում է իսլամական քաղաքական գործոնի մրցունակությունը, որը կարող է համախմբել մեծաքանակ մարդկային զանգվածների և ազդել միջազգային հարաբերությունների վրա:  

Վերոհիշյալի համատեքստում հատկանշական է նաև, որ Իրանում իսլամական քաղաքական գործընթացը միտված է մուսուլմանական երկրների սոցիալ-քաղաքական և կրոնամշակութային ընդհանուր խնդիրների լուծմանը՝ վերազգային գաղափարների շեշտադրմամբ: Հատկանշական է, որ վերջին տասնամյակների վերլուծությունը միայն հաստատում է իսլամական գործոնի հարաբերական կայունությունն իսլամադավան հասարակությունների քաղաքական համակարգերում:

Բայց, միաժամանակ, հարկ է նկատել, որ տարբեր մուսուլմանական երկրների պետական համակարգերում իսլամական քաղաքական գործընթացը չունի միատեսակ արտահայտչականություն. դա առաջին հերթին պայմանավորված է առանձին պետությունների նեղ ազգային ռազմավարական շահերով, որոնք փորձում են համապատասխանեցնել իսլամական կրոնաքաղաքական փիլիսոփայությանն ու հոգեմտածելակերպին: Ուստի իսլամադավան հասարակություններում տարածաշրջանային անվտանգության խնդիրների քննարկումն անհրաժեշտ է կատարել ազգային, մշակութային, տնտեսական և աշխարհագրական առանձնահատկությունների վերլուծության սահմաններում՝ հաշվի առնելով իսլամական գործոնի ազդեցությունն ու կարևոր դերակատարումը:

ԻԻՀ-ը հանդիսանում է Մեծ Մերձավոր Արեւելքի խոշորագույն պետություն, որը նշանակալի դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության պահպանման ոլորտում: Երկիրը տիրապետում է հարուստ բնական պաշարների, մասնավորապես՝ էներգետիկ բնույթի, գրավում է առանձնահատուկ կարևորության աշխարհաքաղաքական դիրք Կովկասի, Միջին Ասիայի և Պարսից ծոցի միջև: Այս բնական-աշխարհագրական առավելություններն ամբողջանում են իսլամական կառավարման գաղափարախոսությամբ որպես իրանական հասարակության հոգևոր ու մշակութային արժեքների պահպանման, քաղաքական և տնտեսական առաջընթացի կարեւորագույն խթան, որն ուղղորդում է իրանական հասարակության զարգացման գործընթացները, կանխորոշում Իրանի դերը տարածաշրջանային հարաբերություններում:

Իրանում կառավարման իսլամական մոդելի կիրառումը կարող է համարվել արդարացված, քանզի այն առաջարկում է իրանական հասարակության զարգացման այլընտրանքային և ինքնուրույն գաղափարախոսական ուղղություն, որը միաժամանակ, քաղաքական և գաղափարախոսական նոր սկզբունքներ է ներմուծում տարածաշրջան, վերագնահատում միջպետական հարաբերությունները՝ չխախտելով տարածաշրջանային անվտանգության սկզբունքները: Իրանում իսլամական գաղափարախոսության ամրապնդման հարցում կարևոր նշանակություն ունեցավ ԻԻՀ էներգետիկ պաշարների առկայությունը, որի շնորհիվ հասարակական զարգացման հիշյալ այլընտրանքային մոդելի իրականացման համար ստեղծվեց որոշակի նյութական հիմք:

Հատկանշական է նաև, որ Իրանը հավակնում է դառնալ իսլամական աշխարհի քաղաքական և գաղափարախոսական առաջատարներից, ուստի վերոհիշյալի համատեքստում բնական են դիտվում ԻԻՀ ձգտումներն՝ ուղղված հնարավորինս ակտիվ տարածաշրջանային համագործակցության և հակամարտությունների կարգավորման:

Իսլամական աշխարհում պատշաճ դիրք զբաղեցնելու Իրանի նպատակները նոր որակ են հաղորդում տարածաշրջանային խնդիրներին՝ արժեվորելով իսլամական մոդելների կիրառման անհրաժեշտությունը տարածաշրջանային անվտանգության համակարգում: Մյուս կողմից ԻԻՀ էներգետիկ ներուժը և աշխարհագրական նպաստավոր դիրքը խթանում են, որ երկիրը հայտնվի աշխարհատնտեսական պայքարի կիզակետում: Երկու գործոններ, որոնք ուղղակիորեն նպաստում են Իսլամական հանրապետության տարածաշրջանային և աշխարհաքաղաքական դերի կարևորմանը:

Տարածաշրջանում ուժային հավասարակշռության պահպանման կարևոր գործոն է նաև ԻԻՀ պայքարն ընդդեմ համաթյուրքականացման: Այդ տեսանկյունից, ինչպես իրավացիորեն նկատում է Վ. Ն. Շեւելեւը, Իրանի համար առանձնահատուկ նշանակություն ունի հակաթուրքական և հակաադրբեջանական քարոզչության կազմակերպումը[3], որը փշրում է ԻԻՀ-ը որպես սոսկ գաղափարականացված համակարգ ներկայացնող բոլոր կարծրատիպերը: Այդպիսով հաստատվում է այն միտքը, որ թեև Իսլամական հեղափոխությամբ երկիրը դարձավ գաղափարախոսականացված, բայց այդուհանդերձ, քաղաքական պրագմատիզմը նույնպես Իրանում չի զիջել իր դիրքերը:

Հատկանշական է, որ իսլամական քաղաքական գործընթացներն Իրանում ամենևին չեն բացառում իսլամական արժեհամակարգից դուրս գտնվող երկրների ներգրավվածությունը տարածաշրջանային անվտանգության պահպանման գործում: Դրանով են պայմանավորված ԻԻՀ քայլերն՝ ուղղված Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքի կարևորմանը, որն ունի տարածաշրջանում ինչպես ուժային հավասարակշռության պահպանման, այնպես էլ հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ:

Ակնհայտ է, որ իսլամական քաղաքական գործընթացներն ունեն վճռորոշ կարևորություն ոչ միայն Իրանի ներքին, այլեւ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման հարցում, քանզի ցանկացած լուրջ փոփոխություն Իրանի ներքին և արտաքին քաղաքական կողմնորոշիչներում, որը խորթ է իսլամական արժեհամակարգին, կարող է զրկել երկիրը հասարակությունը համախմբող ուժից և հանգեցնել տարածաշրջանային ուժերի նոր, անկանխատեսելի դասավորության:

Ռուդիկ Յարալյան

 

[1] Մուրադյան Ի., Իմամ Խոմեյնին և Իրանի արտաքին քաղաքականության գաղափարախոսությունը, Իմամ Խոմեյնի – 100, Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ և հիմնադիր իմամ Խոմեյնու մտքերի և հայացքների քննարկմանը նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու, ՀՀ ԳԱԱ, 1999, էջ 24

[2] Лукоянов А. К., Исламизация в Иране (проблема власти), Мусульманские страны: религия и политика (70-80 годы), сборник статей, Москва, 1991, сс. 160-161

[3] Шевелев В. Н., Внешняя политика современного Ирана: геополитические интересы на Кавказе и Юге России, Иранский мир и юг России, Южнороссийское обозрение, № 22, Центр системных региональных исследований и прогнозирования ИППК при РГУ и ИСПИ РАН, Ростов-на-Дону, 2004, с. 190