Վրաստանն աջակցում է Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւին եւ այն գործողություններին, որոնք ընթանում են այդ բանաձեւի հիման վրա, այսօր՝ մարտի 22-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն:

«Միաժամանակ, մենք հուսով ենք, որ այդ գործողությունը որքան հնարավոր է արագ կավարտվի եւ Լիբիայի ժողովրդին խաղաղություն կբերի»,-նշել է մամուլի քարտուղարը, հաղորդում է «Պիրվելի» գործակալությունը:

Հիշեցնենք, որ այսօր կոալիցիոն ուժերի կողմից Լիբիայում գործողությունների իրականացման չորրորդ օրն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որը ենթադրում է  ցանկացած գործողություն, այդ թվում ռազմական միջամտություն՝ Լիբիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Բանաձեւն արգելում է միայն ցամաքային ներխուժումը Լիբիայի տարածք:

Մարտի 19-ին Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական օդանավերն սկսեցին ռմբահարել Լիբիայի տարածքը: Մի քանի ժամ անց նրանց միացան նաեւ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օդանավերը:

Լիբիայի դեմ ռազմական միջամտության օգտին արտահայտվել են մի շարք եվրոպական եւ արաբական երկրներ։