ԵՊՀ Կենտրոնական մասնաշենքի 2-րդ հարկի դահլիճում այսօր՝ մարտի 23-ին տեղի կունենա Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված մշակութային միջոցառում: Այն իրականացվում է ԵՊՀ Ուսանողական խորհրդի, ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի, ԵՊՀ Մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրին կմասնակցեն շուրջ 1000 համալսարանականներ, ինչպես նաեւ այլ բուհերի ուսանողներ եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմերի ներկայացուցիչներ:
ԵՊՀ ուսանողական խորհրդից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում կհնչեն հայրենասիրական երգեր, կբեմադրվեն ժողովրդական պարեր, բանաստեղծություններ («Գետաշեն», «Սեբաստացի Մուրադ», «Նժդեհի երգը», «Երազ իմ երկիր հայրենի», «Արտաշատ», «Քո շրթունքները Հայաստանոտ են») համալսարանական ուսանողների եւ որոշ ժողովրդական երգիչների կատարմամբ: Միջոցառման ընթացքում մասնակիցներին կբաժանվեն նաեւ Գարեգին Նժդեհի մասին բուկլետներ եւ օրացույցներ:





























