Երեւանի թիվ 50 հիմնական դպրոցում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում մարտի 22-ի կեսօրին դպրոցում բացվել է ֆրանսիայի պատմությանը նվիրված սրահ: Սրահի թվով 20 վահանակներ ներկայացնում են բոլոր դարաշրջանների Ֆրանսիայի պատմությունը: Առանձին վահանակներով ներկայացված են Փարիզի տեսարժան վայրերը, Փրանկոֆոն երկրների խորհրդանիշները, Ֆրանսիայի թագավորների տոհմածառը, նախագահները եւ այլն:
Դպրոցի 4-11-րդ դասարանի աշակերտները միջոցառման մասնակիցներին ներկայացրել են Լա Ֆոնտենի առակները, ինչպես նաեւ «Ճպուռն ու մրջյունը» երաժշտական բեմադրությունը: Ամփոփվել է նաեւ «Լա Ֆոնտենի առակները» թեմայով նկարչական մրցույթի արդյունքները:
Նշենք, որ դպրոցը 2005թ.-ից համագործակցում է «Թոշակառու Մանկավարժներ Առանց Սահմանի (GREF)» Ֆրանսիական կազմակերպության հետ:
2007թ-ին դպրոցն ընդգրկվել է «Հայաստան, իմ բարեկամ» ծրագրում, որի շրջանակներում մի խումբ աշակերտներ՝ դպրոցի ֆրանսերեն լեզվի մեթոդ միավորման նախագահ, ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի Վ.Հակոբյանի ղեկավարությամբ մեկ շաբաթ հյուրընկալվել են Փարիզում՝ ֆրանսիական ընտանիքներում:
Միջոցառմանը ներկա են եղել GREF-ի ներկայացուցիչներ, Երեւան քաղաքի մի շարք դպրոցների ֆրանսերեն լեզվի ուսուցիչներ, հրավիրված այլ անձինք:





























